Ելակ (Fragaria ananassa), գետնաելակ անանասի, վարդազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի կամ թփերի ցեղ։ Բարձրությունը՝ 30-35 սմ։ Տերևները եռաբլթակ են, խոշոր, բաց կանաչ, կնճռոտ։ Ծաղիկները սպիտակ են։ Հարուստ է վիտամիններով, թթուներով, շաքարներով և այլն։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (մուրաբա, հյութ, կոմպոտ, ջեմ և այլն)։ Մշակվում է Հայաստանում գրեթե բոլոր մարզերում։
Ելակի բաղադրությունը
- Ջուր (80-90%)
- Շաքարներ (4.5-10%) (գլյուկոզա, ֆրուկտոզա)
- Օրգանական թթուներ՝ խնձորաթթու, կիտրոնաթթու
- Վիտամիններ՝ C վիտամին (ասկորբինաթթու), B խմբի վիտամիններ, ֆոլաթթու
- Հանքային նյութեր՝ կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ
Ելակի տեսակները
- Անտառային՝ հաճախ կոչվում է «վայրի ելակ»
- Վիրջինիական՝ Հյուսիսամերիկյան տեսակ, ունի բարձր համային որակ
- Չիլիական՝ ծագում է Հարավային Ամերիկայից, ունի ավելի խոշոր պտուղներ
- Մշակովի՝ այս խմբի մեջ են մտնում գրեթե բոլոր շուկայական սորտերը
Ինչպես պահել Ելակը
Ելակը փչացող արտադրանք է, որը զգայուն է ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ,ուստի պետք է հետևել պահպանման ճիշտ կանոնների․
- Պահպանել այն սառնարանում՝ սառը պահեստավորումն օգնում է դանդաղեցնել հասունացման գործընթացը։
- Չլվանալ. ելակը լվանալ միայն ուտելուց անմիջապես առաջ, քանի որ խոնավությունը նպաստում է բորբոսնմանը։
- Հեռացնել փչացած կամ կապտած հատապտուղները, որպեսզի դրանք չփչացնեն մնացածը։
- Տեղադրել չոր, բաց կամ օդանցքներով տարայի մեջ, ցանկալի է՝ հատակին թղթե անձեռոցիկ դնելով։
- Թունաքիմիկատներից մաքրելու համար խորհուրդ է տրվում լվանալուց հետո 10 րոպե թրջել 3% քացախի կամ աղաջրի մեջ, ապա չորացնել։
Ելակի օգտակար հատկությունները
- Բարելավում է աղիների աշխատանքը։
- Նպաստում է արյան ճնշման կարգավորմանը։
- Մաքրում է օրգանիզմը, նպաստում է թունավոր նյութերի և ծանր մետաղների, աղերի հեռացմանը։
- Օգնում է հաղթահարել վահանաձև գեղձի հիվանդությունները։
- Նվազեցնում է կաթվածի հավանականությունը։
- Ընդունակ է դանդաղեցնել ծերացման գործընթացը։
- Ելակից պատրաստված դիմակները օգնում են պիգմենտային գծերի և պեպենների բացացմանը։
- Սպիտակեցնում է ատամները։
Հետաքրքիր փաստեր ելակի մասին
- Որոշ ելակներ կարող են ունենալ ավելի շատ վիտամին C, քան նարինջը։
- Ճապոնիայում աճեցվում են «VIP ելակներ», որոնցից մի հատը կարող է արժենալ տասնյակ դոլարներ։
- Աշխարհում ամենամեծ ելակներից որոշները հասել են խնձորի չափի։
- Հին ժամանակներում մարդիկ կարծում էին, որ ելակը սիրո պտուղ է և այն նվիրում էին սիրահարվածներին։
- Ելակն աշխարհում միակ միրգն է, որի սերմերը գտնվում են դրսի, այլ ոչ թե ներսի կողմում։
- 1983 թվականին ԱՄՆ-ում աճեցվել է աշխարհի ամենամեծ ելակը, որը կշռել է 231 գրամ։